ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցող Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի` «Սևանա լճի մասին» օրենքի 13-րդ հոդվածի մի շարք դրույթներով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքում առաջ են գալիս որոշակի խնդիրներ, որոնք լուծելու նպատակով էլ առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում:
Առաջարկվում է կառավարությանը լիազորություն տալ, որպեսզի յուրաքանչյուր տարվա համար, համապատասխան ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, գործադիր մարմինը կարողանա հաստատել Սևանա լճում ձկան որսի չափաքանակները։
Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն ներկայացվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: