Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ գործընկերների հետ համատեղ Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպվել էր «Սևանա լճի ապագան» խորագրով շրջադարձային գագաթնաժողով, որը նպատակ ուներ համախմբել փորձագետների, քաղաքականություն մշակողների, գիտնականների և այլ շահագրգիռ կողմերի:
Այս նշանակալից միջոցառումն իրականացվեց EU4Sevan ծրագրի շրջանակում՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համակազմակերպմամբ:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ ՄեյմարյանըՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը։
«Ծրագրի իրականացումը օգնել է մեզ բացահայտել Սևանա լճի ներուժը, ինչպես նաև համադրել դրա շուրջ առկա օրակարգերն ու տեսլականները։ Մեզ համար առաջնահերթ խնդիր է եղել ոչ միայն ծրագրով նախատեսված քայլերի հաջորդականության ապահովումը, այլև Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նշանակալի արդյունքներ գրանցելը և ոլորտի հիմնովին բարեփոխումը։
Մենք բավականաչափ աշխատանքներ իրականացրել ենք և դեռ շատ ավելին էլ նախատեսում ենք առաջիկայում: Սակայն կառանձնացնեի հատկապես բնապահպանական տվյալների կառավարումը, որը կարևոր է լճի էկոլոգիական իրավիճակը հասկանալու համար և որպես հիմք՝ ապացույցների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար»,-իր ելույթում նշել է նախարարի տեղակալը։
Գագաթնաժողովը դառնալու է կարևոր հարթակ՝ քննարկելու այն ռազմավարական մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի ամենաարժեքավոր բնական ռեսուրսներից մեկի՝ Սևանի առաջ:
Մինչև գագաթնաժողովը տեղի է ունեցել նախագագաթնաժողովի երկու հանդիպում հիմնական շահագրգիռ կողմերի և շահառուների հետ, որի նպատակն էր քննարկել տարբեր հարցերի մասին եզրակացություններ և առաջարկություններ:
Գագաթնաժողովի հյուրերը մասնակցել են համապարփակ պանելային քննարկումների, որոնք ընդգրկում էին այնպիսի կենսական թեմաներ, ինչպիսիք են կեղտաջրերի մաքրումը, կայուն գյուղատնտեսությունը, մոնիթորինգը և բնապահպանական տվյալների կառավարումը, ինչպես նաև միջոլորտային համագործակցությունը:
Գագաթնաժողովի պատվավոր հյուրն էր Գերմանիայի Հելմհոլց-Շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի (UFZ) լճերի հետազոտության բաժնի ղեկավար դոկտոր Կարստեն Ռինկեն իր «Հայաստանի ջրային աշտարակը. Սևանա լճի կարևորությունը, գեղեցկությունը և փխրունությունը» թեմայով ելույթով։
Գագաթնաժողովի հյուրերը հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալու պետական և մասնավոր հատվածի, ՀԿ-ների և գիտական հաստատությունների մասնակցությամբ ցուցահանդեսի, որոնք ներկայացնում էին Սևանա լճի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված առաջարկներ:
Միջոցառումն ավարտվեց պարգևատրման արարողությամբ, որի ժամանակ շնորհակալագրեր հանձնվեցին Սևանա լճի պահպանության գործում բացառիկ և նորարարական ներդրումներ ունեցած անձանց։
Սա կարևոր քայլ է ընդգծելու լճի կայուն ապագային ուղղված հավաքական ջանքերն ու նվիրումը:
EU4Sevan ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից, իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից՝ ECOserve ծրագրի շրջանակում և ՄԱԶԾ-ի կողմից: