ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.06.2024
Ընթացիկ աշխատանքների դիտարկում հանրային լողափերում՝ լողափնյա սեզոնին ընդառաջ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանն աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում՝ լողափնյա հանգստի շրջանի մեկնարկի համատեքստում ամփոփելու իրականացված նախապատրաստական աշխատանքները: 
Այցի շրջանակում դիտարկվել են Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատվածում տեղակայված N1 և  N3, Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատվածում գտնվող N2, Շողակաթ համայնքի, Դրախտիկ բնակավայրի վարչական սահմաններում ընկած ափամերձ հատվածում գտնվող N4 և Սևան համայնքի, Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում գտնովող N5 հանրային լողափերը։
Նախարարի տեղակալը ծանոթացել է հանրային սպասարկման ծառայությունների մատուցման և քաղաքացինելրի ջրափնյա հանգստի կազմակերպման  անվտանգության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քննարկել առկա խնդիրները, ժամկետները և տվել մի շարք հանձնարարականներ։
Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ լողափնյա սեզոնին հանրային լողափերի ծառայություններից օգտվում են մեծ թվով ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ։
Ուստի նախարարի տեղակալն ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանին և աշխատակիցներին  ևս մեկ անգամ հորդորել է առավել հետևողական լինել, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում և բարձր որակի։ 
Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն առանձնահատուկ շեշտել է, որպեսզի քաղաքացիները պատշաճ իրազեկված լինեն լողափերում մատուցվող անվճար և վճարովի ծառայությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ՝

  • հանրային լողափեր քաղաքացիների մուտքն անվճար է, որտեղ գործում են անվճար հանդերձարաններ, հովհանոցներ, ցնցուղարաններ, խաղահրապարակներ,
  • հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում են բուժկետեր և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը,
  • լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

Ամփոփելով այցը, նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Սևանա լիճը առափնյա հանգստի կազմակերպման պայմաններով և առաջարկվող ծառայությունների որակով պետք է դառնա տարածաշրջանում գրավչություն ունեցող և միջազգային չափորոշիչներին համապատասխան։
Սիրելի՛ քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, դուք էլ ձեր հերթին, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք մեր շրջակա միջավայրը, մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը։