ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.08.2023
Շրջակա միջավայրի նախարարության ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության միջև համագործակցության հուշագիր է կնքվել

Շրջակա միջավայրի նախարարության ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության միջև համագործակցության հուշագիր է կնքվել: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործում ընդհանուր նպատակների առկայությունը և փոխհամագործակցության կարևորությունը, Սևանա լճի հարակից համայնքներում էկոլոգիական կրթության զարգացմանը, Սևանա լճի մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, էկոլոգիական գիտակցության ձևավորմանը նպաստելու և  Սևանա լճի հանդեպ վերաբերմունքի ու վարքագծի փոփոխմանն ուղղված գործիքակազմի մշակման ու կիրառման նպատակով այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, և ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը ՝ ի դեմս Գոհար Մնացականյանի համագործակցության հուշագիր են կնքել։
Համագործակցության ուղղություններն են՝
-Սևանա լճի հանդեպ վերաբերմունքի ձևավորմանն ուղղված արշավների կազմակերպմանն ու  իրականացմանը աջակցելը,
-Սևանա լճի հարակից համայնքներում էկոլոգիական ոչ ֆորմալ կրթության կազմակերպմանն աջակցելը,
-Սևանա լճի հիմնախնդիրների կանխարգելմանը, մեղմանը և լուծմանն ուղղված գործիքակազմի մշակմանն ու կիրառմանն աջակցելը։
Շնորհավորելով գործընկերներին հուշագրի կնքման առթիվ, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Սևանա լճի հիմնախնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ 
Նախարարի տեղակալը կարևորել է լայնամասշտաբ միջոցառումների՝ փառատոններ, արշավներ, գիտաժողովներ, տարբեր ձևաչափի համայնքային հանդիպումների կազմակերպումը  և  այնպիսի գործիքակազմերի օգտագործումը, որոնք կնպաստեն Սևանա լճի հանդեպ բնապահպանական մշակույթի ձևավորմանը։
Հուշագրի նպատակից ելնելով՝ Կողմերը պայմանավորվել են իրականացնել շարունակական համագործակցություն։