ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.03.2023
Հանրային լողափերում ընթացիկ աշխատանքների դիտարկում լողափնյա սեզոնին ընդառաջ

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկում էր։
Նախարարի տեղակալն ազգային պարկի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել հանրային լողափերի տարածքներում, տեղում ծանոթացել իրականացված նախապատրաստական աշխատանքներին, քննարկել առկա խնդիրները և ժամկետները։
Առաջին կանգառը Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում գտնվող հանրային լողափն էր։
Տեղում նախարարի տեղակալին են ներկայացվել իրականացված մաքրման և տարածքի բարեկարգման աշխատանքները։ Տարածքը մաքրվել է թփուտներից և բուսական մնացորդներից, իրականացվել են հարթեցման աշխատանքներ։
Նախագծի շուրջ հանրային լսումից հետո կսկսվեն կահավորման աշխատանքները։
Նախարարի տեղակալը կարևորել է ժամկետների խստիվ պահպանման հարցը։
Հաջորդիվ Արամ Մեյմարյանն այցելել է Գավառ համայնքի, Ծովազարդ բնակավայրի վարչական սահմաններում, Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում գտնվող լողափ։
Տեղում արձանագրվել են մի շարք խնդիրներ և նախագծով սահմանված աշխատանքների ժամկետների խախտումներ։ Խնդիրը լրացուցիչ կքննարկվի ազգային պարկի և նախարարության մասնագետների մասնակցությամբ։
Շրջայցն  ավարտվել է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի տարածք այցելությամբ, որտեղ նախարարի տեղակալը դիտարկել է այցելուների մուտքի կարգի կազմակերպման նոր տարբերակը։ 
Նախարարի տեղակալն ազգային պարկի աշխատակիցներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ լողափնյա սեզոնին  պատրաստվելու  և քաղաքացիների ջրային հանգստի պատշաճ կազմակերպման վերաբերյալ։