Արահետաշինության աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին «Սևան արշավականների ակումբ»-ի նախաձեռնությամբ, համագործակցությամբ` «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ի, ֆրանսիական ԱՖՐԱՏ-ի և «Հայք Արմենիա»-ի:
Ողջույնի իր խոսքում նախարարի տեղակալը կարևորել է բնության գրկում զբոսաշրջության կանոնակարգված կազմակերպումը, ինչպես նաև համագործակցությունը ոլորտի քաղաքականություն մշակող պետական գերատեսչությունների հետ։
Արամ Մեյմարյանը նաև շնորհակալություն է հայտնել ներկաներին և Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Սևանա լճի հիմնախնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և լճի՝ որպես զբոսաշրջային կենտրոնի, գրավչության ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար։
Արահետը սկսվում է Սևանի բուսաբանական այգու մոտից (այգու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գտնվելով 2000մ բարձրության վրա` ունի բուսական աշխարհի մոտ 450-ից ավել տեսակներ) և շարունակվում է դեպի հյուսիս-արևելք՝ Արջանոցի լեռներով։ Արջանոցի լեռները Փամբակի լեռնաշղթայի հարավ-արևելյան ճյուղավորությունն են։ Վերելքի ողջ ընթացքում կարելի է հիանալ Սևանա լճի, Արջանոցի, Գեղամա և Արեգունի լեռների տեսարաններով։
5 կմ քայլելով արահետով կարող եք հայտնվել մի կետում,որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանի թերակղզի (նախկինում եղել է կղզի, 1930-ական թվականներին լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու)։ Սկսելով վայրէջքը և քայլելով 3կմ հայտնվում եք Սևանա թերակղզում։
