ՀՀ կառավարության նիստում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրեց Կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով նախատեսվում է Սևանի ափամերձ տարածքներում ստեղծել 4 նոր հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից:
«Իրավական ակտի ընդունումը «Սևան» ազգային պարկի տարածքում հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորության ձևավորումն է»,– հայտնել է նախարարը։ Հանրային լողափերի ստեղծումից հետո դրանք մրցութային կարգով տրամադրվելու են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` բարեկարգման, կահավորման և սպասարկման պայմանով: Հանրային լողափերում գործում են ու գործելու են հետևյալ անվճար ծառայությունները՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության կազմակերպում և մաքրման կայանների առկայություն։ Կապալառուն պետք է ներկայացնի նաև հեռանկարային ներդրումային և հավելյալ աշխատատեղերի ստեղծման ծրագրեր: «Իհարկե, սպասարկող ընկերությունների կողմից կլինեն նաև վճարովի ծառայություններ։ Ունենք նաև ձևավորած այնպիսի ստանդարտներ, որպեսզի քաղաքացիների հանգիստը հանրային տարածքներում պատշաճ լինի` ծխել չի կարելի, բարձր երաժշտություն չի կարելի, ավելի ճիշտ` երաժշտությունը մի կետից է լինելու, թույլատրվում է միայն թույլ ալկոհոլային խմիչք։ Այսպիսի ստանդարտեր ունենք, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան հանրային հանգստի այդ հատվածներում մեկը մյուսին չխանգարել ու իրենց հանգիստը ճիշտ կազմակերպել»,– ասել է նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նախարարը նաև հայտնել է, որ ներկայում Սևանի ափին 8 հանրային լողափ կա՝ Սևանի քաղաքային 2 լողափերը, թերակղզու լողափը, Դրախտիկի, Լճաշենի, Ծովազարդի, Նորատուսի և Ծովագյուղի հանրային լողափերը: 8 հանրային լողափերից պառկելաթոռներով, հովանոցներով, զուգարաններով, խաղահրապարակներով, ավտոկայանատեղիներով, հանդերձարաններով, նստարաններով, բուժկետով, փրկարարական կետով և այլ անհրաժեշտ պարագա–ծառայություններով մինչ օրս կահավորված են միայն 3-ը` Սևանի ու թերակղզու լողափերը։ Կայացած մրցույթների արդյունքում մեկնարկել են մյուս լողափերի կահավորման աշխատանքները, իսկ 1-ում` Նորատուսի լողափում, հայտարարված մրցույթների արդյունքում հայտեր չեն ներկայացվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով կվերանայվեն հանրային լողափերում հանգստի կազմակերպման մոտեցումները: