ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.11.2024
Սևանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակը` Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 հազար մանրաձուկ

Նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում: Սևանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակը` Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 հազար մանրաձուկ: 
Նախարարին այցի ընթացքում ուղեկցել են տեղակալներ Արամ Մեյմարյանը և Տիգրան Գաբրիելյանը։
Կենսաբազմազանության վերականգնումը, և հատկապես Սևանա լճի էկոհամակարգային ամբողջության տեսանկյունից, Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթ ուղղություններից է և 2024 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել ընդհանուր հաշվով 387 300 ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ։ 
Մանրաձկան բացթողումից հետո նախարարը շրջայց է իրականացրել ձկնաբուծարանում, դիտարկել ավազաններում առկա ձկնապաշարի տեսակները, քննարկել դրանց մայրական կազմերի պահպանմանն առնչվող հարցեր: 
Նախարարը ծանոթացել է  ձկնաբուծարանի բացօթյա տարածքում նորակառույց ավազաններում կողակ ձկնատեսակի մայրական կազմի բուծման համար ստեղծված պայմաններին և դրանց բազմացման հնարավորություններին: 
«Սա վերջին տարիների ամենասպասված ձեռքբերումն է, որին հասնելու համար մեծ ջանքեր են պահանջվել և ներդրվել: Եվ ի ուրախություն բոլորիս, կարող եմ ասել, որ դա հաջողվել է` կողակի պաշարների վերականգնման ծրագրի շրջանակում արդեն ունենք շուրջ 2000 հատ Սևանի կողակ: Սևանի կողակի վերարտադրության և պաշարների վերականգնմանն ուղղված միջոցառումների շրջանակում ունենք նաև վերականգնված 4 բացօթյա ավազաններ»,-նշել է նախարարը։
Շրջայցից հետո նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում- քննարկում է ունեցել գործարանի աշխատակազմի հետ: Ներկայացվել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման համալիր ծրագիր՝ պահպանելով ժառանգությունը» խորագրով զեկույց, որի ընթացքում զեկուցվել է իրականացված աշխատանքները և գույքագրված խնդիրները: Կայուն ծնողական կազմի պահպանման և համալրման շարունակական գործընթացի շնորհիվ այժմ առկա է շուրջ 105000 հատ, 36800 կգ ընդհանուր զանգվածով Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակի ծնողական կազմ: 
Գործընկերներին ուղղված իր խոսքում նախարարը բոլորին շնորհավորել է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը` #COP17-ն Հայաստանում հյուրընկալելու առթիվ և նշել, որ հատկապես  գործարանից կենսաբազմազանության վերականգնման աշխատանքների ուղղությամբ սպասումները շատ մեծ են և պետք է շարունակել ջանքեր գործադրել: