ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.04.2024
Ամփոփվեցին Սևանա լճի հանրային 7 լողափերում հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը

Ամփոփվեցին Սևանա լճի հանրային 7 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը
Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննեց յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։
Հանձնաժողովի անդամների և դիմումատուների ներկայությամբ բացվեցին ծրագրերի փաթեթները, որոնք ներկայացվել էին սոսնձված և փակ ծրարներով։
Հանձնաժողովը դիտարկեց դրանցից յուրաքանչյուրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։
 Դրանք էին՝ 

  • համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին,
  • առաջարկվող բարձր վճարի չափը,
  • օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),
  • ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը),
  • նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը),
  • սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),
  • ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։

Հաղթող ճանաչվեց Համար 2 հանրային լողափի համար ներկայացված ծրագիրը։ Լողափը գտնվում է Սևան քաղաքի վարչական սահմաններում գտվող, Սևանի թերակղզու ափամերձ հատվածում, հեռավորությունը Երևանից 65 կմ է, երթևեկության տևողությունը՝  1 ժամ:
Լողափը գործում է 2012 թվականից, մեծ պահանջարկ ունի հանգստացողների շրջանում, բարեկագված և մասնակիորեն կավավորված է, ավազային ափով է, ջրի խորությունը՝ աստիճանական։
Համար 1 և 3 լողափերի համար ներկայացված ներդրումային ծրագրերից որևէ մեկը հաղթող չճանաչվեց՝ ներկայացված պահանջներին մասնակիորեն համապատասխանելու պատճառով։
Մյուս լողափերի համար հայտեր չեին ներկայացվել։
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ խստիվ պետք է պահպանել հանրային լողափներին առաջադրված պահանջները և հանրային լողափի ու լճափնյա հանգստի նոր նշաձող սահմանել, որն օրինակ կդառնա մյուս տնտեսվարողների համար, քանի որ այս գործընթացը շարունակական է լինելու։