Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կկրկնապատկվի՝ 300 տոննայից դառնալով 600 տոննա, իսկ որսի իրականացման ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 15-ը:
Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N1520-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
2023 թվականին Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 տոննա չափաքանակ։ 2023 թվականի համար ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 6-ի N 475-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300000կգ (300 տոննա) սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2023 թվականի մայիսի 4-ից, փաստացի կնքվել է 8 պայմանագիր՝ 299943կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար: Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ը:
Ուսումնասիրությունների արդյունքնում ձեռք բերված տվյալների հիման վրա Գիտական կենտրոնի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը՝ հնարավորություն ըձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից: Քննարկվել և համաձայնեցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: