Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում հանգստացողների անվտանգության ապահովման, հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելման, լողափերում փրկարարական ծառայության կազմակերպման հարցեր
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը և Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Վարդան Սարգսյանը Ներքին գործերի նախարարությունում հանդիպել են ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին։
Հանդիպման առանցքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելման, հանրային և մասնավոր լողափերում փրկարարական ծառայության կազմակերպման, պետություն-մասնավոր համագործակցության ձևավորման հարցերն էին։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են լողասեզոնի ընթացքում հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով Սևանա լճի հանրային լողափերում և Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների ուժերով և միջոցներով շուրջօրյա ջրափրկարարական հերթապահությունները, կատարված աշխատանքները, ինչպես նաև լողափերում փրկարարական ծառայողների կողմից իրականացվող իրազեկման աշխատանքները։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև ջրային տրանսպորտային միջոցներում տեղորոշման համակարգի տեղադրման, դրանց գրանցման և հաշվառման, ջրային հատվածում՝ անվտանգության գոտիների սահմանման և արգելանշանների տեղադրման, ափամերձ տարածքներում՝ սանիտարական վիճակի համապատասխանության և փրկարարական աշտարակ-դիտակետերի տեղադրման հարցերը։
Ի թիվս այլ հարցերի քննարկվեցին պետություն-մասնավոր գործառույթների տարանջատման և իրականացման, օրենսդրական դաշտի բարելավման, վարչական պատասխանատվության սահմանման, այլ միջոցառումների իրականացման հարցեր։