ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.10.2023
Կայացել է Կանաչ աճի վերաբերյալ Սեուլի նախաձեռնության 18-րդ քաղաքական խորհրդատվական ֆորումը

Հոկտեմբերի 25-ից 27-ը Հարավային Կորեայի մայրաքաղաքում կայացել է Կանաչ աճի վերաբերյալ Սեուլի նախաձեռնության 18-րդ քաղաքական խորհրդատվական ֆորումը՝ որտեղ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի, ինչպես նաև Կորեայի շրջակա միջավայրի նախարարության հրավերով մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության  կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։
Հանդիպումը միտված էր կլիմայական գործողությունների արագացման նպատակով համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը և ընդլայնմանը,  տեսակետների և փորձի փոխանակմանը, որտեղ Նոնա Բուդոյանը ներկայացրել է ածխածնային չեզոքության հասնելու Հայաստանի տեսլականը։
Ածխածնային չեզոքության հասնելու համար երկարաժամկետ ռազմավարությունների մշակումը երկրների կողմից նախատեսված է Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածով, ինչը սահմանում է, որ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրները պետք է ջանան ձևակերպել և ներկայացնել ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություն` հաշվի առնելով նրանց ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը և համապատասխան կարողությունները: 
Երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի կառավարությունը նպատակ ունի նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2.07 տ CO2 համարժեք մեկ շնչի հաշվով՝ մինչև 2050 թվականը: