Նախարարությունը հյուրընկալել է Երևանի Եղիշե Չարենցի անվան N67 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին, որոնք «Օդի աղտոտվածություն» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակում հանդիպել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ։
Հանդիպման ընթացքում նախարարության մասնագետները ներկայացրել են կառույցի հիմնական գործառույթները, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, ինչպես նաև իրականացվող միջոցառումները՝ օդի աղտոտվածության նվազեցման ուղղությամբ։ Աշակերտները հարց ու պատասխանի միջոցով հետաքրքվել են, թե ինչ քայլեր է նախաձեռնում նախարարությունը մաքուր օդ ապահովելու համար և ինչպես կարող են իրենք՝ որպես հասարակության անդամներ, նպաստել այդ գործընթացին։
Նախագծային աշխատանքի շրջանակում աշակերտները հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով նախատեսում են դպրոցում պատրաստել ու տարածել օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված տեղեկատվական թռուցիկներ։
Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է էկոկրթությունը՝ որպես կայուն ապագայի կարևոր հիմք։ Այն բարձրացնում է երիտասարդ սերնդի տեղեկացվածությունը բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաև խթանում՝ նրանց ակտիվ մասնակցությունը շրջակա միջավայրի պահպանության գործում։
