ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.03.2024
Նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններին

Նախարար Հակոբ Սիմիդյանը առցանց ձևաչափով մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի նախագծի շուրջ  պաշտոնական բանակցություններին։
Բանակցություններին մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, 
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը թիրախավորում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրած մի շարք հանձնառությունների և քաղաքականությունների իրականացումը, մասնավորապես, կենսաբազմազանության պահպանության, լքված և տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացիայի, անտառվերականգնման և համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման համատեքստում։
Համաձայնագրով նախատեսված միջոցառումները բխում են Կառավարության ծրագրի մի շարք առաջնահերթություններից, ինչպիսիք են՝
- անտառների կայուն կառավարումը, 
- կենսաբազմազանության պահպանությունը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը,
- ընդերքօգտագործման արդյունքում խախտված տարածքների ռեկուլտիվացիայի իրականացումը,
- ազգային օրենսդրության մոտարկումը ԵՄ շրջակա միջավայրի պահպանության օրենսդրությանը` համաձայն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի: 
Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին և նշել, որ ծրագրի փոխլրացնող բաղադրիչների կյանքի կոչումը հնարավորություն կընձեռի խթանելու Հայաստանի կողմից սահմանված մի  շարք հավակնոտ թիրախների իրականացումը, ինչպիսիք են՝ կենսաբազմազանության պահպանությունը, անտառվերականգնումը և անտառտնկումը, լքված և տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացումը, ինչպես նաև օրենսդրության կարգավորումը։