ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.06.2025
Նոր զեկույց՝ Հայաստանի կանաչ անցման ուղին գնահատելու համար


Այսօր Ամերիկյան համալսարանի հյուրընկալած «Կանաչ օրակարգ Հայաստան 2025» համաժողովի ընթացքում հրապարակվեց Հայաստանի կանաչ անցման վերաբերյալ առաջին համապարփակ ազգային գնահատման զեկույցը։
Համաժողովը մեկտեղել է կառավարության, միջազգային կազմակերպությունների, գիտական և քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի կանաչ զարգացման մարտահրավերներն ու հնարավորությունները։
Նոր զեկույցը ընդգրկում է ռազմավարական ոլորտների՝ կլիմայական քաղաքականության, էներգետիկայի, տրանսպորտի, շինարարության, գյուղատնտեսության, արդյունաբերության և կենսաբազմազանության ոլորտներում երկրի ներկայիս վիճակի և քաղաքականությունների համակողմանի գնահատումը։ Զեկույցում առանձնացված են նաև ֆինանսավորման, նորարարության, թվայնացման և կանաչ անցման նշանակալի դերը կանաչ, կայուն և մրցունակ տնտեսություն կերտելու հարցում։
Համաժողովին ելույթով հանդես է եկել  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը.
«Կանաչ անցման այս համապարփակ գնահատականը կարևոր ուղեցույց է մեր երկրի կայուն զարգացման ճանապարհին։ Այն ոչ միայն ամրապնդում է մեր հանձնառությունը՝ կառուցելու կանաչ Հայաստան, այլև նախանշում է հետագա քայլերը։ Հատկանշական է, որ Հայաստանը 2026-ին հյուրընկալելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17), ինչը այս գործընթացին նոր լիցք է հաղորդում»,-նշել է նախարարի տեղակալը։
Զեկույցը մշակվել է Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) աջակցությամբ իրականացվող «Կանաչ օրակարգ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը նպաստում է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի շարժմանը դեպի «Եվրոպական կանաչ գործարքի» նպատակները՝ ԵՄ-Հայաստան CEPA համաձայնագրի տրամաբանության ներքո։
Յակոբեան կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանն ընդգծել է.
«Զեկույցը ոչ միայն գնահատում է Հայաստանի առաջընթացն ու խոչընդոտները, այլև տրամադրում է գործնական ուղենիշներ՝ պետական քաղաքականությունների պլանավորման և ներդրումային նախաձեռնությունների ձևավորման համար։ Մենք նախատեսում ենք առաջիկա փուլում աջակցել 7-8 հիմնական ոլորտների կոնկրետ գործողությունների ծրագրերի մշակմանը»։
Շվեդիայի Թագավորության դեսպանության ներկայացուցիչ Կլաս Վալդենստրյոմը հավելել է.
«Հայաստանի հանձնառությունը՝ անցնելու կանաչ զարգացման ճանապարհով, տպավորիչ է։ Մեր աջակցությունը շարունակվելու է՝ ի նպաստ տնտեսական վերափոխման, բնապահպանական կայունության և սոցիալական արդարության»։
Զեկույցի առանցքային շեշտադրումները ներառում են՝

  • Կլիմայի հարմարվողականության խորացումը՝ առաջնահերթ ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև ջրի կառավարում,
  • Էներգետիկ անկախության խթանում՝ վերականգնվող էներգիայի ներուժի օգտագործմամբ,
  • Կայուն տրանսպորտի և էլեկտրաշարժունակության զարգացում,
  • Գյուղատնտեսական նորարարություն՝ սննդի անվտանգությունն ու հողերի պաշտպանությունը համադրելու համար։

Զեկույցը հասանելի կլինի լայն հանրությանը և կծառայի որպես հիմք՝ ապագա քաղաքականությունների, ներդրումային ծրագրերի և ոլորտային ճանապարհային քարտեզների մշակման համար։