Շրջակա միջավայրի նախարարությունը հյուրընկալել է Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի աշակերտներին։ Այցը կայացել է «Էներգիայի օգտագործումը և բնության պահպանությունը» և «Վերականգնվող էներգետիկա» նախագծերի շրջանակում։
Հանդիպման ընթացքում դպրոցականներն իրենց նախագծային աշխատանքները ներկայացրել են ոլորտի մասնագետներին՝ քննարկելով վերականգնվող էներգիայի կիրառման հնարավորություններն ու դրա նշանակությունը շրջակա միջավայրի պահպանության համատեքստում։
Քննարկվել են նաև մի շարք արդիական բնապահպանական խնդիրներ՝ ներառյալ կենցաղային թափոնների վերամշակման անհրաժեշտությունը, ջրի խնայող օգտագործումը, անտառների պահպանությունն ու կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի վրա։
Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է էկոկրթության տարածումը և մշտապես պատրաստ է համագործակցել դպրոցների և կրթական հաստատությունների հետ։
Ուրախալի է տեսնել, որ երիտասարդ սերունդը ցուցաբերում է մեծ հետաքրքրություն բնապահպանական խնդիրների նկատմամբ։ Նման հանդիպումները կարևոր հարթակ են՝ դպրոցականների էկոլոգիական գիտելիքների ամրապնդման և ակտիվ մասնակցության խթանման համար։
