ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.07.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար Մուսոնդա Մումբայի հետ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար Մուսոնդա Մումբայի հետ:
Հուլիսի 21-29-ը Զիմբաբվեում անցկացվում է Խոնավ տարածքների մասին (Ռամսարի) կոնվենցիայի պայմանավորվող կողմերի 15-րդ համաժողովը (COP15)։
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունը ներկայումս գտնվում է Զիմբաբվեում և մասնակցում է համաժողովի աշխատանքներին՝ ներկայացնելով Հայաստանի ջրային և խոնավ տարածքների պահպանությանն ուղղված քաղաքականությունը և իրականացվող ծրագրերը։
Այցի շրջանակում  Արամ Մեյմարյանը հանդիպում է  ունեցել Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար Մուսոնդա Մումբայի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Արամ Մեյմարյանը ներկայացրել է ՀՀ-ում Ռամսարի կոնվենցիայի ներքո միջազգային նշանակության խոնավ տարածքների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Սևան լճի պահպանությանն ուղղված ծրագրերին, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության և միջազգային գործընկերների հետ։
Նախարարի տեղակալը մանրամասնել է նաև «Դիմակայուն Հայաստան» ծրագրի ընթացքը, որը Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի (GEF) և Շվեդիայի կառավարության համաֆինանսավորմամբ, Շրջակա միջավայրի նախարարության և Համաշխարհային բանկի համատեղ ջանքերով ուղղված է ՀՀ ջրաճահճային տարածքների վերականգնմանը և պահպանմանը։
Հանդիպմանը քննարկվել են նաև Խոնավ տարածքների մասին կոնվենցիայի քարտուղարության և միջազգային կառույցների հետ համագործակցության խորացման հնարավորությունը, որը կնպաստի անդամ երկրների կողմից խոնավ տարածքների պահպանմանն ուղղված գործողությունների արդյունավետ իրականացմանը։
Արամ Մեյմարյանը ներկայացրել է նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները։ 
Մուսոնդա Մումբան իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանին համաժողովի կազմակերպման հարցում։
Քննարկվել է նաև Կենսաբազմազանության և Խոնավ տարածքների մասին կոնվենցիաների միջև փոխկապակցվածության և փոխադարձ աջակցության խորացման հեռանկարները։
Հանդիպման ավարտին Արամ Մեյմարյանը հրավիրել է Մուսոնդա Մումբային մասնակցելու COP17-ին, ինչին վերջինս համաձայնել է՝ շնորհակալություն հայտնելով հրավերի համար։