Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կառավարությանը ենթակա Տեսչական մարմինների 2022թ. գործունեության հաշվետվությունները:
Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Շրջակա միջավայրի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, նախարարները, Տեսչական մարմինների ղեկավարները, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջ 240 վերահսկողական միջոցառում է իրականացրել՝ մթնոլորտային օդի պահպանության, ջրային, հողային, ընդերքի ռեսուրսների օգտագործման ու պահպանության, կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանման, վտանգավոր նյութերի, արտադրության և սպառման թափոնների ուսումնասիրության ուղղություններով։ Ստուգումների արդյունքում արձանագրվել է 2393 իրավախախտում, կիրառվել է 99 մլն ՀՀ դրամի տուգանք, կասեցումների թիվը՝ 27:
Հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք: Նշված ուղղություններով իրականացվել են նաև կանխարգելիչ միջոցառումներ:
Վարչապետն անդրադարձել է վերահսկողության ռազմավարության խնդրին՝ կարևորելով քաղաքականությունների մշակման գործընթացի վրա տեսչական վերահսկողության արդյունքների ազդեցության գնահատումը և ստանդարտների մշակումը: «Մենք պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք բովանդակային և որակական վերահսկողություն իրականացնել», - նկատել է Կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը խոսել է տեսչական համակարգում թվային գործիքակազմի շարունակական ներդրման մասին, որը թույլ կտա զարգացնել համակարգերի փոխգործելիության մակարդակը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:
Վարչապետն ընդգծել է մի շարք ուղղություններով բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը և խորհրդակցության արդյունքներով տվել հանձնարարականներ:
Մանրամասները ստորև՝ https://www.primeminister.am/.../20/Nikol-Pashinyan-meeting
