ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.01.2022
Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանի և Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված քննարկում

Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանի և Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված քննարկում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի) տնօրինման կարգը հաստատելու մասին» N 2168-Ն որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու իրավական ակտի նախագծի վերաբերյալ։ 
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանման ներկայացուցիչներ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Ա. Արաբյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռ. Խաչատրյանը, հիմնադրամի ներկայացուցիչ Ծ. Հովհաննիսյանը, «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ի հիմնադիր Ա. Խաչատրյանը, «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մ. Ղասաբյանը և «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա. Մկրտչյանը։ 
Կառավարության գործող իրավական ակտով ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված կենդանիները բնություն են բաց թողնվում առանց դրանց առանձնահատկությունները հաշվի առնելու։ Ինչպես նաև չկան հստակեցումներ, թե առգրավված կենդանին ում պետք է ի պահ հանձնվի։ 
Նախարության կողմից մշակված նախագծում առկա բացերը լրացնելու և խնդիրները շտկելու նպատակով շահագրգիռ կողմերին են ներկայացվել նախատեսվող փոփոխություները և լրացումները։
Փոփոխություններով նախատեսվում է ներդնել այնպիսի մեխանիզմ, որտեղ պետություն և մասնավոր գործունեություն իրականացնող կազմակերպության միջև կգործի մի համակարգ, որի արդյունքում առգրավված ապօրինի ձեռք բերված կենդանու պահման և հետագա ճակատագրի որոշումը  իրավական կարգավորում կունենա։
Նախագծի վերաբերյալ հնչած բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները հանգամանորեն կքննարկվեն մասնագետների կողմից՝ հետագայում նախագծում հնարավոր  ներառման նպատակով։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջից ելնելով Շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:
Նախագծին կարող եք ծանոթանալ իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական հարթակում հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/2486