ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.03.2024
Քննարկվել է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացները

Հանրային քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի վերաբերյալ:
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը` https://www.e-draft.am/projects/7055
Նախագծերը ևս մեկ անգամ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու նպատակով, այսօր նախարարությունում կազմակերպվել էր հանրային քննարկում, որին մասնակցել են շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատներ, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ և տնտեսվարողներ ։
Նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի կողմից ներկայացվել է նախագիծը և հիմնական կարգավորումները։
Օրենսդրական կարգավորուներով նախատեսվում է՝
-արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը՝ անկախ հաստությունից,
-սահմանել բացառություն կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաև աղբի համար նախատեսված՝ երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների համար,
-արգելել մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) օտարումը, 
-արգելել մեկանգամյա օգտագործման այլ տարաների օտարումը,
-վերահսկողությունը վերապահել ՏԻՄ-երին և շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, 
-վերահսկողությունը սահմանել ոչ միայն օտարման, այլ նաև դրանց առկայության վրա։
Լուսինե Ավետիսյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և տեղեկացրել, որ արգելքի ուժի մեջ մտնելը նախատեսվում է իրականացնել փուլային տարբերակով՝ հնարավորություն տալով թիրախային ապրանքների արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին վերապրոֆիլավորելու ինչպես նաև այլընտրանքային ապրանքների շուկաների ձևավորման համար։
Այս կարգավորոմների արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում մեկանգամյա պլաստիկ արտադրանքի լայն թիրախային խմբի գործածության աստիճանական նվազեցման, ու դրա հետևանքով պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, ինչը կբերի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։