ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.03.2023
Ծավալուն փոփոխություններ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում

Ծավալուն փոփոխություններ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում:
«Նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել, կարելի է ասել՝ օրենքը նոր խմբագրությամբ է շարադրվել»,- ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենսդրական փաթեթը: Նշվել է, որ նախագծի մշակումը և ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից, ինչպես նաև օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրներից և առկա կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունից:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական էկոլոգիական գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, անդրսահմանային ազդեցության գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության, հանրության ծանուցման, հանրային լսումների իրականացման, պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, ուժը կորցնելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, փորձաքննության և նախատեսվող գործունեության իրականացման գործընթացներում նախաձեռնողների իրավունքների ու պարտականությունների հետ կապված հարաբերությունները:
Նախարարն իր ելույթում անդրադարձել է  հիմնական փոփոխություններին՝
-    Սկզբունքորեն վերանայվել են կարևոր նշանակություն ունեցող մի շարք հասկացություններ,
- Նախատեսվող գործունեության տեսակներն՝ ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի ու ըստ բնագավառների դասակարգվել են երկու՝ Ա և Բ կատեգորիաների,
- Հանվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նախնական փուլը,
- Պայմանավորված նախնական փուլ չլինելու հանգամանքով՝ կրճատվել է հանրային լսումների թիվը՝ 4-ից դառնալով 2 (1-ինը՝ նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման փուլում և 2-րդը՝ փորձաքննության ընթացքում)։
- Ամբողջությամբ վերանայվել են նաև հանրային լսումների ծանուցման և անցկացման մոտեցումները,
- Վերանայվել են փորձաքննության ժամկետները,
- Հստակեցվել է ՇՄԱԳ հաշվետվությունը լրամշակման ուղարկելու գործընթացը,
-Սահմանվել է ՇՄԱԳ և ՌԷԳ հաշվետվություն կազմող անձանց լիցենզավորման պահանջ, սրա հետ կապված՝ փոփոխություններ են կատարվել նաև «Լիցենզավորման մասին» օրենքում, 
- Նախագծով սահմանվել է նոր կարգավորում՝ համաձայն որի առանց դրական եզրակացության գործունեության իրականացումը ենթակա է դադարեցման՝ նախաձեռնողի կողմից նախնական վիճակի վերականգնմամբ,
- Հստակեցվել են նաև փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքերը,
- Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած կճանաչվի, եթե գործունեության իրականացումը չսկսվի դրական եզրակացություն ստանալուց հետո 2 տարվա ընթացքում,
- Օրենքով հստակ սահմանվել են նախաձեռնողների պարտականությունները ոչ միայն փորձաքննական գործընթացում, այլ նաև գործունեության իրականացման ընթացքում,
- Սահմանվել են  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության չներկայացնելու հետ կապված  պատասխանատվության բոլոր դեպքերն ու տուգանքի չափերը, որոնք անհամեմատ մեծ են գործողից,
- ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է տուրքի դրույքաչափերի վերանայում,
- Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում, որով օրենսգրքի դրույթները համապատասխանեցվել են նախագծի կարգավորումներին։