ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.05.2025
Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Շրջակա միջավայրի նախարարության կողմից քննարկման ներկայացված օրինագծերին

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Շրջակա միջավայրի նախարարության կողմից  երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրինագծերին:
ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության, դրա վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, որոնք էլ կնպաստեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի պատշաճ իրականացմանը եւ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: 
Այս մասին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասել է մշտական հանձնաժողովի` մայիսի 5-ի նիստում։
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ևս մեկ օրենսդրական նախաձեռնություն, որը փոփոխություններ է նախատեսում «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշել է, որ նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին: Նա տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում կա էկոպարեկային ծառայության 135 հաստիք, որից 100-ն արդեն համալրված է: Արա Մկրտչյանը հավելել է, որ Սյունիքի մարզում էկոպարեկային ծառայության ստորաբաժանումների կազմավորումը պիլոտային ծրագիր չէ. այդ գործընթացն իրականացվելու է Հայաստանի մյուս մարզերում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին: