ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.04.2024
Օտտավա քաղաքում կայացել է պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի նիստը

Կանադայի Օտտավա  քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից նախաձեռնված պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի  4-րդ նիստը։
Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արսեն Նիկոյանը և Ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մերի Հարությունյանը Օտտավա քաղաքում մասնակցում են պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի (ՄԲԿ)   4-րդ նիստին (ապրիլի 21-ից 29-ը)։
Հանդիպման հիմնական  նպատակն է ապահովել ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի կողմից 2022 թ. մարտին ընդունված՝ «Վերջ պլաստիկ աղտոտմանը. դեպի միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք» 5/14 բանաձևի  իրագործման գործընթացը՝ պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ ապագա համաձայնագրի վերանայված նախագծի քննարկման և լրամշկման միջոցով։ 
Վերոնշյալ գործընթացի շրջանակներում նախատեսվում է համաձայնագրի նախագծի մի շարք  բաժինների լրամշակում, այդ թվում.
- նպատակը, սահմանումները, սկզբունքները և կարգավորման առարկան,
- առաջնային պոլիմերներ, խնդրահարույց և խուսափելի պլաստիկ արտադրանք, ներառյալ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ,
- արտադրանքի նախագծում, արտադրություն և սպառում,
- արտադրողի ընդլայված պատասխանատվություն,
- թափոնների կառավարում,
- գոյություն ունեցող պլաստիկ աղտոտում,
- հաշվետվողականություն, մոնիթորինգ և թափանցիկություն,
- ֆինանսավորման մեխանիզմ,
- կարողությունների զարգացում, տեխնիկական աջակցություն և տեխնոլոգիաների փոխանցում,
- ազգային գործողությունների ծրագրեր,
- իրականացում և իրավակիրարկում,
- միջազգային համագործակցություն,
- տեղեկատվության փոխանակում,
- իրազեկության բարձրացում, կթություն և հետազոտություններ,
- գործընկերների և շահագրգիռ կողմերի ներգրավում և այլն։
Հայկական պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է հանդիպման օրակարգով նախատեսված նիստերին, տարածաշրջանային հանդիպումներին, ձևավորված աշխատանքային խմբերի քննարկումներին, մասնավորապես պատվիրակության կողմից կարևորվել և արտահայտվել են  հետևյալ տեսակետները.
- որպես Բարձր հավակնության կոալիցիայի (High Ambition Coalition to End Plastic Pollution, https://hactoendplasticpollution.org) անդամ, Հայաստանը կիսում է այն կարծիքը, որ համաձայնագիրը պետք է կանոնակարգի պլաստիկի կյանքի ամբողջ ցիկլը (նախագծում, արտադրություն, սպառում, վերօգտագործում, վերամշկում և թափոնների կառավարում),
- համաձայնագիրը պետք է խրախուսի երկրներին գործարկել և բարելավել Արտադրողի ընդլայված պատասխանատվության համակարգերը՝ պլաստիկ արտադրանքի կառավարման համար։
- համաձայնագիրը պետք է սահմանի կոնկրետ պարտավորություններ խնդրահարույց և խուսափելի պլաստիկ արտադրանքի (ներառյալ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանք) նվազեցման, ինչպես նաև գոյություն ունեցող պլաստիկ աղտոտումը վերացնելու համար, 
- անցումային տնտեսությամբ երկրները պետք է ունենան  համաձայնագրի իրականացման, կարողությունների զարգացման և տեխնոլոգիաների փոխանցման համար ֆինանսական միջոցների հասանելություն։ Այն նաև պետք է խրախուսի գիտական և տեխնոլոգիական նորարարությունները՝ շրջակա միջավայրում պլաստիկ աղտոտման նվազեցման նպատակով:
Որպես հանդիպման հիմնական արդյունք ակնկալվում է պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի նախագծի վերանայում, լրամշակում և ՄԲԿ հետագա աշխատանքների ուրվագծում՝ 2024 թվականի նոյեմբերին կայանալիք  ՄԲԿ 5-րդ ամփոփիչ նիստին ընդառաջ։