Շրջակա միջավայրի նախարարի հրամանով Օրհուս կենտրոնների ինստիտուցիոնալ իրավական նոր կարգավիճակի վերաբերյալ առաջարկի մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են ինչպես նախարարության աշխատակիցներ, այնպես էլ քաղհասարակության ներկայացուցիչներ:
Աշխատանքային խմբի գործունեության շրջանակում մարտի 27-ին ոչ ֆորմալ ձևաչափով տեղի է ունեցել փորձի փոխանակման առցանց հանդիպում Վրաստանի գործընկերների հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Օրհուսի կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Մարինա Յանուշը: Նա կարևորել է Օրհուս կենտրոնների դերը տարածաշրջանում Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների տարածման ու երեք հիմնասյուների իրականացման գործում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) կենտրոններին շարունակական աջակցության համար:
Կոնվենցիայի Հայաստանի և Վրաստանի ազգային համակարգողները ևս կարևորել են Օրհուս կենտրոնների աջակցությունը ազգային մակարդակում կոնվենցիայի դրույթների ներդրման ու իրականացման գործում:
Վրաստանում Օրհուս կենտրոնը ստեղծվել է 2005 թվականին՝ Հայաստանի փորձի հիման վրա: 2013-ին այն ընդլայնվել է և վերաձևավորվել որպես «Բնապահպանական տեղեկատվության և էկոկրթության կենտրոն»:
Կենտրոնի ղեկավար Թամար Ալադաշվիլին մանրամասն ներկայացրել է կենտրոնի իրավական հիմքերը և գործառույթները, ինչպես նաև գործությունն ու առաջիկա պլանները:
Հանդիպումը իրականացվել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի աջակցությամբ: Գրասենյակի շրջակա միջավայրի պահպանության հարցերով համագործակցության ղեկավար Քրիստիան Մելիսը կարևորել է Օրհուս կենտրոնները վերաբացելու Հայաստանի ջանքերը և տեղեկացրել, որ ԵԱՀԿ-ն, Օրհուս կենտրոնների ծրագրի շրջանակում, պատրաստ է աջակցելու գործընթացին: