Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել է «Մասնավոր հատվածի դերը Հայաստանի ոռոգման ոլորտում» խորագրով Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր մակարդակի աշխատաժողովին։
Աշխատաժողովին մասնակցել են Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովն ուղղված էր Հայաստանի ոռոգման ոլորտի ռազմավարական բարեփոխումների, ոռոգման ոլորտում Պետական մասնավոր գործընկերության (ՊՄԳ) գլոբալ դասերի, ինչպես նաև ջրամբարաշինության նորարարական հայեցակարգերի և Հայաստանի հեռահար զոնդավորման վերլուծության ցուցադրմանը:
Աշխատաժողովի նպատակն էր Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը և այլ շահագրգիռ կողմերին բաց քննարկումների հարթակ և տեխնիկական մտահղացումներ տրամադրել՝ ոռոգման ոլորտի զարգացման կայուն գործողությունների ծրագիր մշակելու համար՝ ենթակառուցվածքներից մինչև հաստատություններ:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանում ոռոգման ծառայությունների մատուցման եղանակների վերաբերյալ վերջերս ավարտված վերլուծության նախնական արդյունքները:
Ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին ընդգրկուն օրակարգով աշխատաժողովի համար։
Գայանե Գաբրիելյանը նշել է, որ Հայաստանն այսօր ինստիտուցիոնալ մակարդակով պատրաստ է մասնավոր հատվածի հետ գործունեություն իրականացնել։
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կոչ է արել համագործակցության․
«Այլևս ժամանակ չկա բանավիճելու, տարաձայնությունների, գործառույթների բաժանումների։ Այսօր կա մեկ հստակ հրամայական՝ նստել մեկ սեղանի շուրջ և արդյունավետ համագործակցել խնդիրների լուծման շուրջ»։
