«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք այցելուների մուտքի կարգը:
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։
Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։
Արգելոցի և արգելավայրի տարածքում ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է`
- բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.
- սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը.
- ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
- տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը.
- ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ.
- կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը.
- Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները:
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝
- մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների).
- թռչունների ձվերի հավաքը.
- թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն).
- ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը.
- տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով.
- խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը.
- արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը:
Արգելոցի և արգելավայրի ջրային տարածքում ԱՐԳԵԼՎՈՒՄ Է`
- ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
- ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը.
- շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի.
- ջրային տարածքի աղտոտումը։
ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ:
Գումարը կարող եք վճարել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին՝ 900018002890 կամ վճարել անցակետում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակցին և ստանալ ՀԴՄ կտրոն:
Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 0261 2 40 44 հեռախոսահամարով։