ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.05.2025
Շրջակա միջավայրի նախարարության Բնության պետական թանգարանում կանցկացվի ՝ «Մարդ-կենսաբազմազանություն փոխհարաբերություններ» թեմայով էկոկրթական հանդիպում

Մայիսի 22-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր՝ նպատակ ունենալով ընդգծել կենսաբազմազանության առանցքային դերը մեր մոլորակի կյանքի պահպանման և կայուն զարգացման համար։
Այս տարի միջոցառումը հատկապես խորհրդանշական է Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը պատիվ ունի հյուրընկալելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը 2026 թվականին։ Այս համատեքստում Հայաստանը միանում է միջազգային արշավին՝ պաշտոնապես մեկնարկելով «Կենսաբազմազանության շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը։
 Միջոցառումները կանցկացվեն մայիսի 16-22-ը, և դրանց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենսաբազմազանության պահպանության, օգտագործման և վերականգնման հիմնախնդիրների վերաբերյալ։
Մայիսի 16-ին, ժամը 14։30, Շրջակա միջավայրի նախարարության Բնության պետական թանգարանում կանցկացվի առաջին միջոցառումը՝ «Մարդ-կենսաբազմազանություն փոխհարաբերություններ» թեմայով էկոկրթական հանդիպում։
Միջոցառման ընթացքում բանախոսները կներկայացնեն՝ ինչ է կենսաբազմազանությունը և դերն ու առանձնահատկությունները, մարդու և կենսաբազմազանության փոխադարձ ազդեցության հիմնական ուղղությունները՝ սկսած էկոհամակարգերի վրա մարդկային գործունեության ազդեցությունից մինչև այն, թե ինչպես է կենսաբազմազանության պահպանումը նպաստում մարդու առողջությանը, սննդային անվտանգությանը, տնտեսական կայունությանը և կլիմայական կայունությանը։
Բանախոսները կանդրադառնան նաև տեղական և գլոբալ մակարդակներում կենսաբազմազանության պաշտպանության արդի քաղաքականություններին, Հայաստանի ունեցած առաջընթացին ու մարտահրավերներին, ինչպես նաև երիտասարդության և համայնքների ներգրավման կարեւորությանը՝ որպես հաջողության առանցքային գործոն։
Հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու այս նախաձեռնություններին, որոնք ուղղված են մեր բնության ճանաչմանն ու պահպանությանը՝ ի շահ ներկա և ապագա սերունդների։
 Գրանցումների համար կարող եք զանգահարել 011 818 555/ ներքին 5172 հեռախոսահամարին։