ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.12.2024
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակական բնույթ են կրում էկոկրթական միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարարությունը հյուրընկալել էր Միսաք Մանուշյանի անվան 48-րդ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին, որոնք «Մարդը և բնությունը» թեմայով նախագծային աշխատանքների շրջանակում ցանկություն էին հայտնել հանդիպել նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման թեման էր կենսաբազմազանության պահպանությունը՝ մասնավորապես Կարմիր գիրքը, ջրային ռեսուրսների կառավարումը, մթնոլորտային օդն ու օդի մոնիթորինգը, ինչպես նաև թափոնների կառավարումը։
Հանդիպման ընթացքում նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները ներկայացրել են այդ ոլորտներում վարվող քաղաքականությունը, օրենսդրական կարգավորումները և միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը։ Աշակերտները հնարավորություն են  ունեցել հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու իրենց հուզող հարցերին։
Հանդիպման վերջում աշակերտներին ցուցադրվել է վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկող հոլովակ, ինչպես նաև ներկայացվել է նախարարությունում տեղադրված մարտկոցների և կուտակիչների հավաքագրման արկղը։
Այս հանդիպումը հնարավորություն տվեց աշակերտներին խորքային ուսումնասիրել էկոլոգիական խնդիրները և հասկանալ, թե ինչպես կարող են իրենց անմիջական գործողությամբ ազդել շրջակա միջավայրի պահպանության վրա։