Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում ընթացող «Ջուրը հանուն կայուն զարգացման» 2018-2028 թվականների գործողությունների միջազգային տասնամյակի երկրորդ բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է անդրսահմանային համագործակցության նստաշրջանին։
Իր ելույթում նախարարի տեղակալն անդրադարձել է անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցին և ամբողջ աշխարհից համաժողովին մասնակից գործընկերներին է ներկայացրել է ջրային ոլորտում համագործակցության հայ-իրանական հաջողված փորձը, երբ երկու հարևան երկրներ կարող են փոխշահավետ համագործակցել որևէ ոլորտի շուրջ և համակարգված ու համաձայնեցված օրակարգով լուծել առաջացած խնդիրները։
Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով արձանագրվել է առևտրի, արդյունաբերության, առողջապահության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը: