ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.12.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի պատասխանատուներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի պատասխանատուներին։
Հանդիպմանը մասնակցել են նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը և ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը։
Նախարարի տեղակալը ողջունել է ծրագրի մեկնարկը Հայաստանում և ծրագրի արդյունավետ իրականացմանն աջակցելու պատրաստակամություն հայտնել՝ ընդգծելով ջրային ոլորտի առաջնահերթությունը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։
Տիգրան Գաբրիելյանը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության գործողությունները ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ կառավարման տեսանկյունից, նշել, որ ոլորտում արդեն իսկ առկա է համագործակցության հաջող փորձ միջազգային գործընկերների հետ։
Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի տարածաշրջանային ղեկավար Էրիկ Վիալան նշել է, որ ծրագրի նպատակը տարածաշրջանի երեք երկրներում անդրսահմանային համագործակցության ու ջրային ռեսուրսների կառավարմանն աջակցությունն է` նպաստելու տարածաշրջանային կայունությանը և դիմակայությանը: Ծրագրի իրականացման համար կարևորվել է համագործակցությունը հատկապես շրջակա միջավայրի նախարարության հետ՝ որպես ջրային ոլորտը կառավարող մարմին։
 Տիգրան Գաբրիելյանը և նախարարության ներկայացուցիչները մասնակցային համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ հատկանշելով համատեղ աշխատանքի հնարավոր ուղիները՝ ջրախնայող համակարգերի ներդրում և պիլոտային ծրագրերի իրականացում, տվյալների հավաքագրում, ջրավազանային կառավարման պլանների մշակմանը և պլաններից բխող միջոցառումների իրականացմանն աջակցություն, կարողությունների զարգացում, հարևան երկրների հետ փորձի փոխանակում։