ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.03.2022
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության հայտերի դիտարկումը

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության հայտերի դիտարկումը:
Մրցանակաբաշխության նպատակն է ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։ Միջոցառումը կարևոր հարթակ կստեղծի լավագույն փորձի տարածման համար, կխթանի շահագրգիռ կողմերի համագործակցությունը՝ ուշադրություն հրավիրելով կանանց և տղամարդկանց վրա կլիմայի փոփոխության անհամաչափ ազդեցության ուղղությամբ։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի, մրցանակաբաշխության կազմակերպման պատասխանատու գործընկեր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանի և քննող հանձնաժողովի մյուս անդամների մասնակցությամբ դիտարկվեցին տարբեր անվանակարգերում ներկայացված հայտերը, դրանք համադրվեցին նախապես հայտարարված չափորոշիչներին և ընտրվեցին լավագույնները։
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն իր գոհունակությունն հայտնեց առաջին անգամ անցկացվող մրցանակաբաշխության նկատմամբ նման հետաքրքրության դրսևորման կապակցությամբ։
Նախարարի տեղակալի խոսքով սա կարևոր խթան է, որպեսզի առավել ակտիվորեն աշխատանքներ տարվեն կլիմայական նախագծերի մշակման ոլորտում։
Մցանակաբաշխությանը ստացվել է 171 դիմում- հայտ՝
-  Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ – 48 հայտ,
-  Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ – 28 հայտ,
- Կլիմայական խնդիրների լուսաբանում – 17 հայտ,
- Կլիմայական կրթությունը բոլորի համար – 34 հայտ,
- Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ – 25 հայտ,
- Երիտասարդները կլիմայական գործողություններում – 19 հայտ:
Ապրիլի 5-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը, իսկ ընտրության չափորոշիչներին բավարարող բոլոր ծրագրերը կամ լուծումները կհրապարակվեն միջոցառման էլեկտրոնային գրքույկում։