ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.03.2022
Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի աշակերտները հյուրընկալվել էին շրջակա միջավայրի նախարարությունում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի աշակերտներին
Աշակերտները նախարարություն էին այցելել պատմելու շրջակա միջավայրի ոլորտի պահպանությանն ուղղված իրենց իրականացրած միջոցառումների մասին և ոլորտի պատասխանատուներին իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու։
Հանդիպմանն հրավիրված էր նաև «Մաքրապատում» նախաձեռնության համահիմնադիր Հակոբ Միկոյանը։
Ողջունելով դպրոցականներին նախարարությունում, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կարևորել է էկոկրթության զարգացմանն ուղղված միջոցառումները որպես բնապահպանական խնդիրների լուծման կարևոր միջոց և շեշտել դրանց համակարգային մոտեցման առաջնայնությունը։
Հանդիպման ընթացքում աշակերտները ներկայացրել են իրենց իրականացրած բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են եղել  իրենց համայնքում բնապահպանական իրավիճակի բարելավմանը։
Դպրոցի փոխտնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարությանը համավարակի ընթացքում բնապահպանական թեմաներով կազմակերպված առցանց դասընթացների համար, որոնց աշակերտները մասնակցել են մեծ սիրով և ձեռք բերել արժեքավոր գիտելիքներ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների մասին։
«Մաքրապատում» նախաձեռնության համահիմնադիր Հակոբ Միկոյանի հետ քննարկվել են մեր համայնքներում աղբի մաքրման խնդիրները։ Այս առումով ևս դպրոցում բազմաթիվ նախաձեռնություններ են կյանքի կոչվում։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դպրոցի ուսուցիչներին՝ աշակերտների մեջ առ հայրենիք այդքան մեծ սեր և պատասխանատվություն ներդնելու համար։
«Պետք է համարձակ լինել և պատանեկան խանդավառությամբ նվաճել աշխարհը, երբեք մի՛ դադարեք երազել և իրականացրեք ձեր բոլոր, անգամ ամենահամարձակ ծրագրերը։ Մեր հայրենիքը պետք է սիրել, բայց ոչ միայն զգացմունքով, այլ ավելի շատ կատարած աշխատանքով ու քայլերով։ Սիրե՛ք մեր երկրի յուրաքանչյուր անկյունը՝ հոգատար վերաբերմունքը բնության հանդեպ դարձնելով ձեր առօրյա վարքագծի անբաժան մասը»,-հանդիպումը եզրափակել է նախարարի տեղակալը։