ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.12.2021
Քննարկվել է «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի նախագիծը

Դեկտեմբերի 21-ին կազմակերպվել է ազգային աշխատաժողով, որտեղ ներկայացվել և շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի նախագիծը։ Նախագիծը մշակվել է «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
Քննարկման նպատակն էր աջակցել երկրում էներգետիկ ոլորտի երկարաժամկետ ցածր արտանետումների ռազմավարության մշակմանը։
Շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը ողջունել են մասնակիցներին և կարևորել նման առանցքային փաստաթղթի քննարկումը։ Բանախոսները բարձր են գնահատել միջգերատեսչական և դոնոր կազմակերպությունների համատեղ համագործակցությունը՝ ուղղված էներգետիկայի ոլորտից արտանետվող ջերմոցային գազերի ազդեցության կրճատմանը և ավելի կանաչ տնտեսական զարգացման ու շրջակա միջավայրի առավել արդյունավետ պահպանության համար էներգետիկ ոլորտում առկա կարգավորիչ մեխանիզմների և մարտահրավերների դիմակայմանը։