TriClub Yerevan եռամարտի ակումբը սույն թվականի սեպտեմբերի 11-ին «Կապուտակ Սևան» լողափին անցկացրել է ավանդական դարձած «Tri4All» (Թրայ Ֆոր Օլ) եռամարտի մրցույթը, որը հանդիսանում է օլիմպիական մարզաձև և իր մեջ ներառում է երեք բաղադրիչ՝ լող, հեծանվային սպորտ և վազք։
Մրցույթը, որն անցկացվում է արդեն 8-րդ անգամ, նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը և նպաստել հանրապետությունում մարզական կյանքի ակտիվացմանը:
TriClub Yerevan-ի կողմից հատուկ ուշադրություն է դարձվում Սևանի էկոհամակարգի պահպանմանը՝ այն առաջնահերթ է թե՛ Tri4All մրցույթի, թե՛ բոլոր այլ ձևաչափերի պարագայում։
Մասնակցությունը անվճար էր: Մրցատարածությունը հաղթահարած բոլոր մասնակիցները ստացել են մեդալներ:
Այս տարի TriClub Yerevan եռամարտի ակումբը, համագործակցելով Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության համատեղ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրի հետ, «Tri4All» եռամարտի մրցույթի ժամանակ իրականացրել է նաև Սևանա լճի առջև ծառացած բնապահպանական խնդիրների իրազեկման արշավ՝ ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրելով բնապահպանական ամենատարբեր խնդիրներին՝ բարձրացնելով դրանց վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և մեծացնելով լուծման հեռանկարները։
TriClub Yerevan եռամարտի ակումբը ակտիվ մասնակցում է նաև Savage of Sevan-ի կողմից Սևանի ավազանում անցկացվող եռամարտերի (Half Distance Triathlon, IronKing) և տոկունություն պահանջող այլ մրցույթների (Ride Around Sevan, Run Around Sevan) կազմակերպման աշխատանքներին: