ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.08.2021
Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումների թիվը Հայաստանի Հանրապետություն

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից ընդունված՝ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում կատարված լրացումների շնորհիվ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱԱՀ-ից ազատվել են բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցների ներմուծումը և իրացումը։
Արդյունքում՝ 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված  բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է:
Այսպիսով՝ 
 2019թ.  – 668 տ/մ
 2020թ. – 2155 տ/մ
 2021թ. (առաջին կիսամյակ) – 2468 տ/մ
Փոփոխությունները նպատակ ունեն նվազեցնել այլ վառելիքով աշխատող  ավտոմեքենաների արտանետումների քանակը, բարելավել օդի աղտոտվածության վիճակը, խթանել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը Հայաստանում։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել  բացառապես էլեկտրական շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ներկրման համար նախատեսված արտոնության ժամկետը երկարացնելու մասին նախագիծը։