«Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովին ընդառաջ տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ Սևանի էկոհամակարգի կառավարման հետ կապված ռազմավարական հարցերի շուրջ
2024 թվականի հունիսի 28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունենալիք «Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովին ընդառաջ կայացած ռազմավարական թեմաների շուրջ քննարկումները ճանապարհ են հարթում Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավման համար համագործակցային գործողությունների և նորարար լուծումների համար:
«Սևանա լճի ապագան» գագաթնաժողովը կարևորագույն միջոցառում է, որի նպատակն է հարթակ ստեղծել Սևանա լճի պահպանությանն ուղղված ռազմավարական խնդիրներն ու լճի էկոհամակարգի պահպանմանն ուղղված հնարավորությունները և անհրաժեշտ քայլերը քննարկելու համար:
Ռազմավարական հանդիպում-քննարկումները համախմբել են ոլորտի փորձագետներին, քաղաքականություն մշակողներին, գիտնականներին և շահագրգիռ կողմերին՝ մտքեր փոխանակելու, լուծումներով կիսվելու և գործունակ ծրագրերի համար հիմքեր ստեղծելու: Հանդիպումների արդյունքների հիման վրա կձևակերպվեն ռազմավարական առաջարկներ, որոնք կներկայացվեն հունիսի 28-ին տեղի ունենալիք գագաթնաժողովին:
Հանդիպումները ներառել են չորս հիմնական թեմա, որոնք են՝
- կեղտաջրերի կառավարում՝ Սևանա լիճ աղտոտիչների ներհոսքի նվազեցման համար,
- կայուն գյուղատնտեսություն՝ ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը,
- ջրի մոնիթորինգ և բնապահպանական տվյալների կառավարում՝ գիտահեն որոշումների կայացման համար,
- օրենսդրական-ինստիտուցիոնալ շրջանակների ու միջգերատեսչական համագործակցության բարելավում՝ Սևանա լճի էկոհամակարգի արդյունավետ կառավարման համար։
Յուրաքանչյուր այսպիսի հանդիպում մեզ ավելի է մոտեցնում հունիսի 28-ի սպասված իրադարձությանը՝ միասին կերտելով Սևանա լճի կայուն ապագայի տեսլականը:
Առաջարկում ենք հետևել լրահոսին՝ բաց չթողնելու գագաթնաժողովի վերաբերյալ տեղեկատվությունը։
Միասին մենք կարող ենք հասնել փոփոխության՝ հանուն Սևանա լճի և ապագա սերունդների:
«Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովը հյուրընկալում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ EU4Sevan ծրագրի շրջանակում: Գագաթնաժողովի համակազմակերպիչն է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը:
EU4Sevan ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ), որն իրականացվում է ԳՄՀԸ-ի և ՄԱԶԾ-ի կողմից: