ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.05.2025
Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում
Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։
Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի, Էկոպարեկային ծառայության և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ներկայացուցիչներ։ Հրավիրված էին նաև «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» թեմայով գործող աշխատանքային խմբի անդամներ, ովքեր ակտիվորեն ներգրավված են այս հարցի կարգավորման քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում։
Հանդիպումը մեկնարկել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) ներկայացմամբ, որի շրջանակում զեկուցվել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունների, փրկված կենդանիների խնամքի գործընթացների, ինչպես նաև վերջին տարիներին արձանագրված մարդ-կենդանի կոնֆլիկտների դինամիկայի մասին։
Այնուհետև տեղի են ունեցել խորքային քննարկումներ՝ նվիրված առաջիկա համագործակցության հնարավորություններին։ Քննարկման հիմնական ուղղությունները եղել են՝

  • COP17 համաժողովին ընդառաջ՝ժամանցի վայրերում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հայտնաբերման և հավաքագրման գործընթացի ձևավորումը և վերահսկումը,
  • Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության նոր և ինստիտուցիոնալ ձևաչափերի մշակումը, որոնք կծառայեն որպես մեխանիզմ՝ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտների կանխարգելման և կառավարման համար։

Միջոցառման մասնակիցները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել փրկարար կենտրոնի տարածքում։ Շրջայցի ընթացքում նրանք տեղում ծանոթացել են կենդանիների խնամքի, վերականգնման և ռեաբիլիտացիայի պայմաններին, ինչպես նաև առկա ենթակառուցվածքներին ու տեխնիկական հնարավորություններին։
Միջոցառումն ավարտվել է սիմվոլիկ ծառատունկով, որի ընթացքում մասնակիցները տնկել են մի քանի ծառ՝ խորհրդանշելով կենսաբազմազանության պահպանման և բնության հետ հարմոնիայի խորհրդանիշը։ Այս քայլը ևս մեկ անգամ ընդգծեց մարդու և բնության միջև պատասխանատու և հոգատար հարաբերությունների կարևորությունը։
Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց մարդ-բնություն ներդաշնակ համակեցության կարիքը, որտեղ վայրի բնության պաշտպանությունը դիտվում է ոչ միայն որպես բնապահպանական, այլ նաև սոցիալական ու մշակութային օրակարգի կարևոր մաս։ Սա նաև հարթակ էր՝ շահագրգիռ կողմերի միջև երկխոսություն խթանելու, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների ձևավորման համար, որոնք կծառայեն կենսաբազմազանության պահպանման և կենդանիների բարեկեցության մակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականության ամրապնդմանը։