ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.05.2022
Գործողություններ Օրհուսի կոնվենցիային անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ

Մայիսի 26-ին ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կազմակերպվել էր «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության» մասին կոնվենցիային (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա) համապատասխանեցման գործողությունների պլանի մշակման քննարկում:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Կ. Զարիկյանը, ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Օ. Գեղամյանը, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մ. Չաքրյանը, շրջակա միջավայրի, արդարադատության նախարարությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Երևանի Օրհուս համակարգողը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2001 թ-ին վավերացրել է Օրհուսի կոնվենցիան: 2021թ. հոկտեմբերի 18-20-ը տեղի ունեցած կողմերի նստաշրջանում կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների չկատարման վերաբերյալ Հայաստանի վերաբերյալ կայացվել է VII/8a որոշումը: Անհամապատասխանությունները նշված են մի քանի կետերով, որոնցից երկուսը վերաբերում են արդարադատության մատչելիության ապահովմանը:
Անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ գործողությունների պլանավորման գործընթացի հեշտացման ու հաշվետվողականության ապահովման նպատակով համապատասխանության կոմիտեն մշակել է գործողությունների պլանի ձևաթուղթ: Այն պետք է ներառի մանրամասն տեղեկություններ անհրաժեշտ նախատեսվող գործողությունների, դրանց ժամկետների, պատասխանատու մարմինների ու շահագրգիռ կողմերի վերաբերյալ՝ ապահովելով հնարավորինս մասնակցային գործընթաց:
Մայիսի 26-ին ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում քննարկվել են Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական որոշ փոփոխությունների հարցերը, քարտեզագրվել է դրանցից որոշների նախաձեռնման ու իրականացման համար անհրաժեշտ գործողությունների  պատկերը:
Պլանի կազմման նպատակով առաջիկայում ևս նախատեսվում են  աշխատանքային քննարկումներ, որից հետո կմշակվի և քննարման կներկայացվի գործողությունների պլանի նախնական տարբերակը: