ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.09.2021
Համատեղելով ջանքերն ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության․

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ»-ը կնքեցին համագործակցության 5-ամյա հուշագիր 
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը Armenian National Philharmonic Orchestra,ի դեմս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում կնքեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել հանուն շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, իրականացնել համատեղ միջոցառումներ, որով ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը կհրավիրեն բնապահպանական ամենատարբեր խնդիրներին՝ բարձրացնելով դրանց վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և մեծացնելով լուծման հեռանկարները։ 
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը բնապահպանության և մշակույթի միաձուլումը հիանալի հնարավորություն է համարում շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց գրանցելու համար։
Համագործակցության շրջանակում «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ»-ն աշնանային համերգաշրջանը նվիրում է «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում բնադրող Հայկական որորների պահպանությանը։ 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իր խոսքում չափազանց կարևորեց համագործակցությունը՝ խոստանալով անել հնարավորը երաժշտության լեզվով քարոզելու «կանաչ մշակույթի» գաղափարը։
Հայկական որորը Ֆիլհարմոնիկի երաժշտասեր ունկնդրին կբերի վաղ ամրագրման տոմսերը՝ գնման զեղչային հնարավորությամբ և ևս մեկ անգամ կհիշեցնի իր բացառիկ լինելու մասին։ 
Նախագծի իրականացման հարցում մեծ ներդրում ունի Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) համատեղ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը: