ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.09.2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․Գրիգորյանը և փոխդեսպան, Շվեդիայի Միջազգային Զարգացման և Համագործակցության Գործակալության (SIDA/ՇՄԶՀԳ) հայաստանյան ներկայացուցիչ Ի․Էրիկսոնը։
Ողջունելով պատվիրակությանը Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը նախ շնորհավորել է պարոն Սվենսոնին Հայաստանում Շվեդիայի առաջին դեսպանը լինելու առթիվ և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար։
   Նախարարը Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել բացի դիվանագիտական, միջպետական հարաբերությունների օրակարգային սպասարկումը, լայն համագործակցություն ծավալել նաև շրջակա միջավայրի կառավարման ոլորտում և համագործակցել այնպիսի կարևորագույն ուղղություներով, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը, կոշտ թափոնների կառավարումը և գետերի ու լճերի մաքրման տեխնիկական հնարավորությունների փորձի փոխանակումը։
Դեսպան Սվենսոնը շնորհավորել է նախարար Պետրոսյանին վերանշանակման առթիվ և շնորհակալություն հայտնել հանդիպման համար։ Նա նշել է, որ Շվեդիայի կառավարության՝ Հայաստանում ներկայացուցչություն ունենալու որոշման հիմքում մեր երկու երկրների միջև Թավշյա հեղափոխությունից հետո հարաճուն համագործակցությունն է եղել, և որ իրենք ցանկություն ունեն նպաստել հեղափոխության նպատակների կյանքի կոչմանն ու համագործակցությունն էլ ավելի ինտենսիվ դարձնել առանձին ոլորտներում։
 Դեսպանի հետ քննարկվել է փոխշահավետ համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր՝ որպես զարգացման հիմնական ուղղություն կարևորելով հատկապես երկկողմ ֆինանսավորման նոր հնարավորության շրջանակներում գործակցությունը՝ նկատի առնելով Շվեդիայի հետաքրքրվածությունը շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտներով։
Նախարարը դեսպանին է ներկայացրել շրջակա միջավայրի ոլորտում մեր կառավարության առաջնահերթությունները և հակիրճ խոսել ջրային ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու կառավարման, անտառպահպանության և անտառվերականգնման ոլորտում արդեն իսկ մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներից։
Նախարարը հիշեցրել է, որ դեռևս 2019 թվականի սեպտեմբերին Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Շվեդիայից ժամանած պատվիրակության հետ։ Քննարկվել է երկկողմ համագործակցության շրջանակներում տարածաշրջանային ծրագիր, որը բաղկացած է երեք ուղղություներից, որոնցից են շրջակա միջավայրը և կլիմայի փոփոխությունը։ 
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Շվեդիայի Թագավորության շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծը։ Այն համաձայնեցվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ և այնուհետ ներկայացվել է արտաքին գործերի նախարարություն՝ շվեդական կողմին փոխանցելու համար։Նախարարի խոսքով՝ նման հուշագրի ստորագրումը նոր մեկնարկի լավագույն սկիզբ կհանդիսանա և նախանշած ուղղություններով համագործակցությունը կդնի ինստիտուցիոնալ հիմքի վրա։
Դեսպանը տեղեկացրել է, որ 2022 թվականին լրանում է ՄԱԿ-ի՝ Շրջակա միջավայրին նվիրված առաջին համաժողովի 50-ամյակը, որը կրկին անցկացվելու է Ստոկհոլմում։ Շվեդիայի մայրաքաղաքն արդեն պատրաստվում է «Ստոկհոլմ+50» մեծամասշտաբ միջոցառմանը․ լրացուցիչ կքննարկվի մեր երկրի՝ միջոցառմանը բարձր մակարդակով մասնակցության հարցը։
Քննարկվել են նաև մեր երկու երկրների միջև անցկացվող խորհրդատվությունների ակտիվացմանը, միջազգային կառույցներում համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր:
 Այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի շրջակա միջավայրի բնագավառում մեր բարեկամ երկրների փոխգործակցության առավել խորացմանը: