Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում-քննարկում է ունեցել շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների հետ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և շեշտել, որ հանդիպման նպատակն է ոլորտի խնդիրներով մտահոգ հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկել վերջին շրջանում գույքագրված խնդիրները և դրանց լուծման ճանապարհին դիտարկել հանրային կարծիքը և տրամադրությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնապահպանական խնդիրների լայն շրջանակի՝ օրենսդրական կարգավորումներից մինչև արձանագրված խնդիրներ ու դրանց լուծումների առաջարկներ։
Հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն է հատկացվել Սևանա լճի հիմնախնդիրներին, մասնավորապես՝ ոռոգման նպատակով Սևանա լճից 2023 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակին։
Նախարարը փաստել է, որ Սևանա լիճն առաջնային նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանության գործում մեծ ջանք է ներդրվում և լճի էկոհամակարգի առողջացման և վերականգնման ճանապարհին կարևորվում են բոլոր խնդիրները։ Այս համատեքստում նախարարը խոսել է լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքների և դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կառավարման մասին։
Անդրադարձ է կատարվել հանրապետության ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդրին։ Ի պատասխան գործընկերներին հուզող հարցերի՝ նախարարը ներկայացրել է ոլորտում մեկնարկած օրենսդրական բարեփոխումները և խոսել չշահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման գործընթացների պատշաճ իրականացման նոր մեխանիզմներից։
Քննարկվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում տեղ գտած նոր կարգավորումները և դրանց կիրարկման հնարավորությունները մասնավոր դեպքերի օրինակներով։
Անդրադարձ է եղել հանրապետության և մասնավորապես՝ Երևան քաղաքի տարածքում մթնոլորտային օդի որակի խնդրին, քննարկվել են աղբավայրերի այրման հետևանքով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների մոնիթորինգի և դաշտում կարգավորումների և վերահսկողության բացերը։ Նախարարը գործընկերներին տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում ամենօրյա ռեժիմով խնդրի շուրջ լուծման աշխատանքներ են տարվում՝ դրանք կյանքի կոչելու համար։
Նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նաև բնության հուշարձանների գույքագրման շրջանակում իրականացվող աշխատանքները՝ անդրադառնալով հանրության ուշադրության կենտրոնում գտնվող Հատիս լեռան խնդրին։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ վերականգնել նախարարին կից հասարակական խորհրդի գործունեությունը և պարբերաբար նման հանդիպումների միջոցով ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի ոլորտում առկա խնդիրները։