Հանդիպմանը մասնակցել են Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը։
Քննարկվել են անտառների վերականգնման աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հարցեր, ընդգծվել է խնդիրների շրջանակը, որոնց լուծումները պետք է համատեղ աշխատանքի միջոցով գտնել։
Հանդիպման ընթացքում նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերներին է ներկայացրել վերջին շրջանում անտառվերականգնման և անտառպատման ոլորտում ընթացիկ աշխատանքերը, խոսել գույքագրված խնդիրներից։
Քննարկվել են աշնանային ծառատունկին ընդառաջ նախապատրաստական և գույքագրման աշխատանքները, անդրադարձ է կատարվել համայնքներին պատկանող և դրանց կողմից կառավարվող հողերի, դրանց նպատակային նշանակության փոփոխությանն առնչվող հարցերի։
Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են անտառների պահպանման, պաշտպանության, կայուն կառավարման և վերականգնման վերաբերյալ իրենց հանձնառությունը և ջանքերի միավորման անհրաժեշտությունը։