Ամփոփվել է «Հանրային մոնիթորինգի արշավը». 1993 թվականից ի վեր մարտի 22-ը նշվում է որպես Ջրի համաշխարհային օր՝ մարդկանց ուշադրությունը սևեռելով ջրային ռեսուրսների կարևորությանն ու խնդիրներին։
Այս տարի ջրային խնդիրները բարձրաձայնվում են հետևյալ խորագրի ներքո՝ «Եղի՛ր փոփոխողը. խրախուսի՛ր մարդկանց իրենց կյանքում քայլեր ձեռնարկել՝ փոխելու ջրի օգտագործման, սպառման և կառավարման եղանակը»:
Խորագրի ներքո Հայաստանում առաջին անգամ նախաձեռնվել է «Հանրային մոնիթորինգի արշավը», որի նպատակն է հանրությանը մասնակից դարձնել Հայաստանում ջրային ռեսուրսների և մթնոլորտային օդի որակի հսկողությանն ու խնդիրների վերհանմանը։
Մարտի 9-ից մեկնարկած արշավի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 150 ակտիվ երիտասարդներ՝ աշակերտներ, ուսանողներ, իրենց համայնքներում վերցրել ու փորձարկել են գետերի, լճերի ջուրը, իսկ ձյան և անձրևաջրերի օգնությամբ՝ գնահատել օդի մեջ փոշու պարունակությունը։
Այսօր՝ Ջրի համաշխարհային օրը, մարզերից ժամանած շուրջ հինգ տասնյակ աշակերտներ, ուսանողներ և ուսուցիչներ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիաներում ծանոթացան մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի և հատակային նստվածքների ազգային մոնիթորինգի աշխատանքներին, կիրառվող լաբորատոր մեթոդներին ու սարքավորումներին, ոլորտի մասնագետներին ներկայացրին ջրի և օդի որակի՝ իրենց իրականացրած մոնիթորինգի ընթացքն ու արդյունքները, քննարկեցին ջրային ռեսուրսների կառավարման ժամանակ հանրության մասնակցության կարևորության մասին։
«Հանրային մոնիթորինգի արշավ»-ն իրականացվել է «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության կողմից «Հայաստանում հաղորդակցման և իրազեկման բարձրացում» գործողությունների շրջանակներում «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի ներքո, Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։
