ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.01.2026
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության պատվիրակությանը՝ համագործակցության և փորձի փոխանակման շրջանակում։
Հանդիպմանը մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում փոխնախարարը կարևորել է Շվեդիայի և սկանդինավյան երկրների փորձը թափոնների կառավարման ոլորտում, նշելով, որ այն կարող է օգտակար լինել Հայաստանի համար՝ կայուն և արդյունավետ համակարգերի ձևավորման տեսանկյունից։
Արա Մկրտչյանն անդրադարձել է նաև ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովին (COP17)՝ ներկայացնելով այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Թափոնների կառավարման համատեքստում շեշտվել է  վարքագծի կանոնների մշակման և կիրառման, ինչպես նաև խրախուսական մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որպեսզի քաղաքացիները խրախուսվեն անցնելու աղբի տեսակավորման մշակույթին։
Քննարկվել է նաև պլաստիկ պարկերի շրջանառությունը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունը, որը ստացել է դրական եզրակացություն Ազգային ժողովում, ինչպես նաև պլաստիկի կրճատմանն ուղղված այլ մեխանիզմներ։
Հանդիպումը կարևոր քայլ էր միջազգային փորձի ուսումնասիրման և ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ։