ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.05.2025
Միջազգային համագործակցության օր» Կենսաբազմազանության շաբաթվա շրջանակում

«Միավորում հանուն բնության. Միջազգային համագործակցության օր»  Կենսաբազմազանության շաբաթվա շրջանակում:
Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ՝ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Կենսաբազմազանության շաբաթ Հայաստանում» միջոցառումների շրջանակում, ՄԱԶԾ-ի հետ համագործակցությամբ անցկացվեց «Միավորում հանուն բնության. Միջազգային համագործակցության օր» խորագրով միջոցառումը։
Միջոցառման հիմնական նպատակը գործընկերային համագործակցության խթանումն էր՝ միավորելով կառավարության, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների, մասնավոր հատվածի և լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հանուն կայուն և կանաչ ապագայի:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով իր ելույթում կարևորեց կենսաբազմազանության պահպանության համապարփակ նշանակությունը՝ որպես երկրի բնապահպանական, սոցիալ-տնտեսական և անվտանգային քաղաքականության հիմնասյուներից մեկը։
Նրա խոսքով՝ ժամանակակից բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ձևավորել համակարգային և երկարաժամկետ համագործակցություն բոլոր շահակից կողմերի միջև՝ պետություն, համայնքներ, մասնավոր հատված, քաղաքացիական հասարակություն և միջազգային գործընկերներ։
«Կենսաբազմազանության պահպանումը մեկ գերատեսչության կամ կառույցի գործառույթ չէ։ Սա այն ոլորտն է, որտեղ հաջողությունը հնարավոր է միայն համատեղ ջանքերով՝ ներառական և հավասարակշռված համագործակցությամբ։ Հատկապես համայնքներն են այն հիմնական դերակատարները, ովքեր ամենօրյա շփման մեջ են իրենց շրջակա միջավայրի հետ և իրենց գիտելիքով, փորձով ու տեսլականով կարող են դառնալ բնության պահապանները՝ տեղում և կայուն կերպով», – նշել է փոխնախարարը։
Արամ Մեյմարյանը նաև անդրադարձավ բիզնեսի՝ էկոհամակարգերի վրա ազդեցությանը՝ ընդգծելով, որ նոր ժամանակների տնտեսությունը պետք է ձևավորվի բնությանը չվնասելու սկզբունքի հիման վրա։
Նախարարի տեղակալը նաև ընդգծեց միջազգային համագործակցության դերն այս գործընթացում՝ որպես հարթակ՝ ներդրելու փորձ, տեխնոլոգիա և ֆինանսավորում՝ ուղղված ինչպես կենսաբազմազանության պահպանմանը, այնպես էլ համայնքների կարողությունների ուժեղացմանը։
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ով իր ելույթում նշեց, որ այս նախաձեռնությունը լիովին համահունչ է Կենսաբազմազանության միջազգային օրվա այս տարվա կարգախոսին.
«Սա պարզապես կարգախոս չէ, այլ՝ գործողության կոչ։ Այն ընդգծում է մեր հավաքական հանձնառությունը՝ համադրել մարդկային գործունեությունը բնության պահպանման և վերականգնման հրատապ անհրաժեշտության հետ։ Մեր բարեկեցությունը անբաժան է էկոհամակարգերի առողջությունից և կենսաբազմազանության պահպանությունից»։
Ելույթներ հնչեցին միջազգային կազմակերպություների ներկայացուցիչների կողմից։
Միջոցառումը նշանավորվեց նաև Բու լեռնահեծանվային պարկի պաշտոնական բացմամբ՝ Վանաձորում, որն հաջողված օրինակ է՝ շրջակա միջավայրի վերականգնման և էկոտուրիզմի խթանման ոլորտում։
Նախագիծը սկզբնապես ֆինանսավորվել է ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից, այնուհետև ընդլայնվել է Եվրոպական միության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ գործընկերությամբ՝ դառնալով բազմաշերտ և կայուն զարգացման մոդել։
Միջոցառումը ոչ միայն ներկայացվեց բնության պահպանությանն ուղղված տեսանելի արդյունքներ, այլև ծառայեց որպես հարթակ՝ խթանելու երիտասարդների կանաչ ձեռներեցության հնարավորությունները, ընդգծելու միջազգային համագործակցության կարևոր դերը և ներգրավելու մասնավոր հատվածը՝ բնահեն ու կայուն նախաձեռնություններում ներդրումներ կատարելու նպատակով։