ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.05.2025
Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան
Կառավարության՝ մայիսի 22-ի նիստին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրեց Մթնոլորտային օդի պահպանության՝ 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:
«Ըստ այս նախագծի՝ առաջիկա 5 տարիներին Հայաստանում պետք է օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք բերենք, որոնցից 2-ն արդեն ձեռք է բերվել: Երևանում անհրաժեշտ է 6 դիտակայան, որից 2-ն ունենք, 3-ի շուրջ մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք: Հույս ունեմ՝ 2026 թվականի սկզբին ևս 3-ը ձեռք կբերենք Երևանի համար, կմնա 1-ը:
Հանրապետության մյուս մասերի համար դեռ 8 դիտակայան պետք է ձեռք բերենք: Նաև 2 շարժական դիտակայան պետք է ձեռք բերենք, որն արտակարգ դրության դեպքում պետք է տեղակայվի տվյալ հատվածում, և մոնիթորինգ իրականացվի:
Նաև պետք է քիմիական լաբորատորիայի վերազինում իրականացնենք, որի օգնությամբ օրգանական աղտոտիչների կամ փոշու մեջ ծանր մետաղների մասով ավելի ճշգրիտ տվյալներ կարող ենք ձեռք բերել:»,- նշել է նախարարը: