ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.09.2021
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա առթիվ շրջայց ԵՄ անդամ երկրների դեսպանների համար

Մեր տարածաշրջանը երկրագնդի ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող էկոտարածաշրջաններից է։ 
Հայաստանում կենսաբազմազանության պահպանությունը հիմնականում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում։ 
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա՝ սեպտեմբերի 13-ի առթիվ, այսօր  շրջակա միջավայրի նախարարությունը ԵՄ անդամ երկրների դեսպանների համար նախաձեռնել էր  գիտաճանաչողական այց Հայաստանի բնության թանգարան և  «Խոր Վիրապ» արգելավայր։
Դեսպաններին ուղեկցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։
Այցը մեկնարկել է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում։ Թանգարանի չորս սրահներում ցուցադրվում են ‎Հայաստանի Հանրապետության ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ նմուշներ։ Կարճ էքսկուրսի միջոցով հյուրերը ծանոթացել են Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանության, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ (էնդեմիկ) ներկայացուցիչների ցուցանմուշներին։
Դեսպանների շրջայցը շարունակվել է «Խոր Վիրապ» արգելավայր այցով, որտեղ դեսպանները ծանոթացել են միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության ռեժիմի առանձնահատկություններին։