ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.05.2022
Կայացել է շրջակա միջավայրին առնչվող օրենքների նախագծերի լրամշակված փաթեթների քննարկում

Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է հանրային լսում՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը քննարկելու նպատակով։
Հանրային լսմանը մասնակցել են տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտով շահագրգիռ անձինք։ 
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի և կից ներկայացվող օրենքներում փոփոխությունները պայմանավորված են գործող օրենքի մի շարք բացերով`

  • օրենքում բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները և հիմքերը.
  • հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները. բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները.
  • բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները և պահպանության ռեժիմը.
  • բացակայում է արգելավայրի պահպանության ռեժիմը.
  • բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները և պահպանության ռեժիմը.
  • բացակայում են կենսոլորտային արգելոցի ստեղծման և կառավարման հարցերը:

Ինչպես նաև` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի միջև առկա են անհամապատասխանություններ և հակասություններ: 
Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում: