ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.12.2021
Շրջակա միջավայրի նախարարության օզոնային շերտի պահպանության ծրագիրը կազմակերպել է շահագրգիռ կողմերի տարեվերջյան հերթական ամփոփիչ հանդիպում, որին մասնակցել է նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը

«Ուրախ եմ ձեզ ողջունելու և մասնակիցը լինելու կարևոր այս հանդիպմանը, որն իրականացվում է ամեն տարի նույն ժամանակահատվածում: Ինչպես գիտեք, հանդիպումը վերաբերում է Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագրի գործունեությանը և կրում է ամփոփիչ բնույթ՝ ապահովելով հաշվետվողականություն շահագրգիռ կառույցների առջև: Այդպիսիք են մեր միջազգային գործընկերները, առանց որոնց ֆինանսական և տեխնիկական օժանդակության գրեթե անհնարին կլիներ ծրագրի գոյությունը, պետական կառավարման և մասնագիտական կառույցները, առանց որոնց հետ համագործակցության ծրագիրը չէր կարող իրականացվել, մասնավոր հատվածի մասնագիտական կազմակերպությունները, առանց որոնց ծրագիրը չէր կարող արդյունավետորեն իրականացվել»,-ողջույնի խոսքով է հանդես եկել Աննա Մազմանյանը։
Երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվելու են 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքներն ու դրանց ընթացքը, որոնք վերաբերելու են սառնարանային և օդորակման ոլորտների մասնագետների, ինչպես նաև այդ ոլորտների մի շարք դասախոսների վերապատրաստմանը, սառնարանային տնտեսություններում նոր տեխնոլոգիաների կիրառմանը, Հայաստանի սառնարանային ասոցիացիայի գործունեությանը, եվրոպական որոշ ստանդարտների տեղայնացմանը, «Կանաչ մաքսատուն» միջազգային նախաձեռնությանը և դրա ենթատեքտում կնքված եռակողմ հուշագրին, օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին, օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման/արտահանման լիցենզավորման էլեկտրոնային համակարգին և այլ կարևոր ու հետաքրքիր հարցերի: