Անցնող շաբաթը նախարարությանը ենթակա կառույցներում ևս նշանավորվել է համապետական ծառատունկով։ Հանրապետության տարածքում շուրջ 130 հա ծառատունկ է իրականացվել, տնկվել է 451 000 տնկանյութ։
Այսպիսով՝ անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում գրասենյակը կազմակերպել է բարձրորակ անտառային բույսերի և տնկիների վերաբերյալ դասընթաց` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կարողությունների հզորացման նպատակով։
Դասընթացի հիմնական նպատակներն էին.
սերմի հավաքման և վերամշակման նոր ընթացակարգի կիրառումը,
ծրագրի կողմից կիրառվող տնկարանների արտադրության և կառավարման արդի տեխնոլոգիաների ներդրումը։
Զանգեզուր կենսոլորտային համալիրում
Էկոկրթական միջոցառումներն են շեշտադրվել։ Գիտության և զբոսաշրջության բաժնի աշխատակիցները Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի և Արծվանիկի միջնակարգ դպրոցի սաներին ծանոթացրել են զանգեզուրյան հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանությանը, անտառների դերին, դրանց կրճատման պատճառներին ու հետևանքներին, ծառատունկերի կարևորությանը։ Արծվանիկի դպրոցի հարակից տարածքում համալիրի աշխատակիցների և աշակերտների համատեղ ուժերով «Սոսու պուրակ» արգելավայրի տարածքում գործող տնկարանի ծառերով ծառատունկ է իրականացվել։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
էկոկրթության շրջանակում մայրաքաղաքի թիվ 168 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի սաները ծանոթացել են արգելոցի պատմությանը, բուսական և կենդանական աշխարհին, պատմամշակութային հուշարձաններին, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերի ֆլորային ու ֆաունային։ Աշակերտներին ցուցադրվել են ֆոտոթակարդների կողմից նկարահանված լավագույն կադրերը: Աշակերտների շրջանում գիտելիքներն ամրապնդող թեմատիկ խաղեր են կազմակերպվել։
Անտառային կոմիտեում
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղում հիմնվել է սղոցարան, որտեղ կլոր փայտանյութի վերամշակումից կողահատ տախտակ է ստացվում։
«Դիլիջան» ազգային պարկում
Աշխատակիցների մասնագիտական հմտությունների բարելավման նպատակով Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կենսաբազմազանության մոնիթորինգի խումբը ազգային պարկի աշխատակիցների համար անցկացրել է վերապատրաստման դասընթաց:
